Սասուցի Դավիթը

david-of-sassoun

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

Ահեղ — Ահարկու, սարսափելի:

Հավք — Թռչուն

Ավանդեց — Հանձնել ուրիշին, ուրիշի վրա փոխադրել

Ահարկու —  Սարսափելի, զարհուրելի

Հռչակ — Բարի անուն, համբավ, փառք

Կորյուն —  Առյուծի, վագրի, ինչպես և կետ ձկան ձագ:
(փոխաբերական) Կտրիճ, քաջ:

Անվեհեր —  անվախ, աներկյուղ

Ցոլացավ —  Ցոլքեր ցայտեցնող՝ արձակող, ցոլարձակ, ցոլարձակող

Ավետում-   լուր բերել

Անահ — Քաջ

Դյուցազուն —  Դիցաբանական՝ առասպելական հերոս,
Հերոս, հերոսական գործեր կատարող

 

Բացատրիր

կյանքի աշնան օրերը — կյանքի վերջին օրերը , 

ծխի պես անցնել — փոշիանալ , մոռացվել

ամպոտ ոտներ — աստվածային 

հոգին ավանդել —  մահանալ 

իր կամքը լինի —  իր ուզածուվ լինի

զարմով դյուցազուն — տոհմով ուժեղ

անմեռ մնալ —  Անմահ մնալ

արտահայտությունները

Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած

Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր:

Մհերը ընդունեց հուր-հրեղենի առաջարկը, որովհետև նա ուզում էր իր տոհմը շարունակող ունենալ,  նա  ուզում էր, որ  իր սիրելի Սասունը չկորչեր:  Միևնույն է նա արդեն ծերացել էր և շուտով մահանալու էր:

Մհերի անունից պատմիր այս հատվածը

4
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  2. Բացատրիր աղաչանք անել, քաղցր աչքով մտիկ անել, կրակ դառնալ արտահայտությունները:
  3. Վերնագրիր հատվածը:
  4. Հատվածը կարդալուց հետո ի՞նչ կարծիք կազմեցիր Մելիքի մասին. ինչպիսի՞ն էր նա, բնութագրիր:
  5. Կազմիր  հարցեր և առաջադրանքներ այս հատվածի վերաբերյալ:

5

Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։

6

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բնութագրիր Ձենով Օհանին:
  2. Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:
  3. Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին (բանավոր):
  4. Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:V