Ազգային խաղեր

Շատ են ազգային խաղերը որոնք խաղացել են Հայաստանի տարբեր քագհաքներում, գյուղերում տարբեր ժամանակաշրջաններում:

Ես կառանձնացնեմ դրանցից մի քանիսը , որոնք ինձ ավելի շատ ցանոթ են որոնց մասին ես լսել եմ իմ պապիկից և նույնիսկ պօրձել եմ խաղալ:

Չիլիկ-Չիլկափետ

Խաղը ծավալվում է երկու հակընդդեմ խմբերի միջև։ Խմբերի բաժանվելուց հետո ընդարձակ դաշտի մի կողմում փորում են փոքրիկ փոս, որը կոչվում է բորա։ Բորայից մի քանի մետր հեռու սահմանագիծ՝ ճիժ է գծվում։ Խաղի պարագաներն են չիլիկը և չիլկափետը։ Չիլիկը թզաչափ և 3 սմ տրամագծով ձողիկ է, որի ծայրերը թեքությամբ սրում են, որ գետնից բարձր կանգնի։

Չիլկափետը 80 սմ երկարությամբ ձող է, որի մի ծայրը թեքված է։

Խաղը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլում խաղն սկսողը չիլկափետը դնում է բորայի վրա, ոտքը դնում վրան և չիլիկը դնելով ոտնաթաթին՝ նետում որքան հնարավոր է հեռու։ Դրանից հետո չիլկափետը կրկին հորիզոնական դիրքով դնում է բորի վրա։ Եթե չիլիկը ճիժը չի անցնում, ապա գցողը «կտրված է» համարվում և իր տեղը զիջում է ընկերոջը։ Եթե չիլիկը ճիժն անցել է, բայց հակառակորդը կարողացել է այն օդում բռնել, ապա խմբերը փոխում են իրենց տեղերը։ Եթե չիլիկը բռնել չի հաջողվում, ապա վար գտնվողներից մեկը նրա ընկած տեղից այն նետում է դեպի բորան այնպես, որ խփի չիլկափետին։ Հաջողվելու դեպքում նետողը «կտրված է» համարվում։ Եթե նետողը չի կտրվում, ապա բորից մինչև չիլիկի ընկած տեղը չիլկափետով չափում է՝ որոշելով, թե քանի փետաչափ է և անցնում է երկրորդ փուլին։

Երկրորդ փուլը կոչվում է կռո։ Խփողը մի ձեռքով բռնում է չիլկափետի բռնակից հորիզոնական դիրքով, նրա վրա տեղավորում չիլիկն այնպես, որ այն չիլկափետի հետ լինի խաչաձև։ Ապա ձեռքի շարժումով չիլիկը նետում է վեր ու չիլկափետով հարվածում։

Մինչ նետողը չիլկափետը բորի մեջ ուղղահայաց դրած սպասում է, ներքևում գտնվողները 10-20 քայլ նրանից հեռու կանգնած աշխատում են թռչող չիլիկը բռնել։ Եթե հաջողվում է, ապա խմբերը փոխում են դերերը, իսկ եթե չիլիկն ընկնում է գետնին, ապա ներքևում գտնվողներից մեկը նույն տեղից չիլիկը պետք է նետի դեպի բորանը։ Եթե չիլիկը դիպչում է չիլկափետին, կամ մի փետաչափից պակաս հեռավորության վրա է գտնվում, ապա խփողը համարվում է «կտրված» և խաղը շարունակում է նրա ընկերներից մեկը։ Երբ բոլորը «կտրվում են», խաղացող խմբերը փոխում են տեղերը։

Քանի փետ հաշվել էր, այդքան անգամ կռո խփելուց հետո խփողն անցնում է երրորդ՝ շորվայի փուլին։ Այս անգամ չիլիկը փոխարինվում է կտիով, իսկ չիլկափետը՝ կտափետով։ Կտին չիլիկի երկարության է, բայց ծայրերը հատված չեն, իսկ կտափետը չիլկափետի երկարության, բայց ուղիղ փայտ է։ Շորվա խփողը մի ձեռքով կտին նետում է օդ, մյուսով բռնած՝ կտափետով խփում է ու կտին լկում։ Այս կերպ կտին կարող է թռչել ավելի շատ, քան նախորդ փուլերում։ Եթե հակառակորդը կտին իր փայտով հետ է տալիս և գիծը կամ բորեն անցնում է, ապա նետողը համարվում է «կտրված»: Նրա ընկերը խաղը շարունակում է այդ փուլից։

Խաղը կարող է շարունակվել անվերջ և դադարեցվել միայն փոխադարձ համաձայնույթամբ։

Յոթ քարանի

Խաղում են հիմնականում փոքրերը՝ տղաներն ու աղջիկները։ Խաղի համար անհրաժեշտ է գնդակ, յոթ տափակ քար և ազատ տարածություն։

Խաղում են երկու թիմով՝ իրար դեմ։ նախ՝ գծում են շրջան, որի մեջ յոթ քարերը շարում են իրար վրա։ Ապա՝ վիճակահանությամբ ընտրված առաջին թիմի խաղացողները որոշ հեռավորությունից հերթով գնդակով խփում են քարե բուրգին։ Երբ բուրգը քանդվում է, խաղացողը փռում է քարերը և վազում գնդակի հետևից։ Գնդակը հայտնվում է երկրորդ թիմի ձեռքում։ Առաջին թիմի խնդիրն է քարերը դասավորել նախնական դիրքով։ Երկրորդ թիմի խաղացողները պետք է խանգարեն նրանց՝ կրակելով, այսինքն՝ գնդակով խփելով առաջին թիմի խաղացողներին։ Եթե խաղացողը բռնում է գնդակն օդում, կարող է այն հեռու նետել և դուրս չգալ խաղից։ Կարող է լինել նաև ինքնազոհություն՝ խաղացողը, ում կպչում է գնդակը, կարող է այնպես անել, որ գնդակն անդրադառնալով իրենից հեռու թռչի, իսկ ինքը՝ դուրս գա խաղից։

Քարերը լրիվ դասավորելուց հետո առաջին թիմից մեկը պետք է ձեռքը դնի քարին և հաշվի մինչև 40-ը։ Եթե հաշվարկը կիսատ է մնում, այսինքն՝ նրան գնդակով խփելով հանում են խաղից, ապա մյուս թիմակիցը շարունակում է հաշվել։ Եթե նրանց հաջողվում է հաշիվն ավարտին հասցնել, ապա առաջին թիմը ճանաչվում է հաղթող, իսկ եթե երկրորդ թիմին հաջողվում է հեռացնել հակառակորդի բոլոր խաղացողներին, ապա խաղի արդյունքում նա է հաղթող ճանաչվում։

Սա իմ եղպորս սիրած խաղն է

Բիզ

Խաղում են տղա երեխաները՝ երկու, երեք և ավելի հոգով, հանդերի կարճ խոտածածկի վրա։ Խաղի գործիքներն են գրպանի դանակը և մոտ հինգ սանտիմետր երկարությամբ մի ծայրը սրած փայտե ձողը՝ բիզը։ Խաղի նպատակը դանակը տարբեր ձևերով գետնի մեջ խրելն է։

Ձեռի մեջ. դանակը՝ սուր ծայրը դեպի առաջ, դնում են ափի մեջ, ապա վեր նետում այնպես, որ դեպի խաղացողը պտտվելով խրվի գետնի մեջ։

Ձեռի էրես. նույն գործողությունը կատարում են դանակն ափի հակառակ երեսին դրած։

Խռթիչ. դանակի պոչից բռնելով՝ սուր ծայրով ցած են նետում դեպի գետնին։

Օղլակ. բթամատով և ցուցամատով օղակ են կազմում՝ դանակը սուր ծայրով առաջ, դնում վրան և դեպի ներս շրջադարձ նետումով խրում գետնի մեջ։

Դըռսապտիտ. երկու մատով բռնում են դանակի սուր ծայրից և նետում այնպես, որ դեպի դուրս պտտվելով՝ խրվի գետնի մեջ։

Միչապըտիտ. նման է նախորդ գործողությանը, միայն այն տարբերությամբ, որ դանակը պտտվում է խաղացողի ուղղությամբ։

Դմբուզ. դանակն ուղղահայաց դիրքով, սուր ծայրով դնում են բռունցքի երեսին և պահում՝ այն պոչի մասից ցուցամատով սեղմելով։ Այս դիրքից դանակը նետում են այնպես, որ դեպի դուրս պտտվելով՝ խրվի հողի մեջ։

Ատամ. դանակի սուր ծայրը ատամներով բռնում և նետում են այնպես, որ խրվի հողի մեջ։

Գլուխ. դանակը նետում են՝ շեղբը մատներով գլխին հպած դիրքից։

Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինն է անսխալ կատարում բոլոր գործողությունները։ Պարտվողը «բիզ» է ուտում։ Այն է՝հաղթողը բիզը, դանակի պոչով երեք անգամ խփելով, խրում է գետնի մեջ, իսկ պարտվողը, պոչից բռնելով, պետք է բիզը հանի ատամներով։