Առասպել ծիրանենու՝ հայկական տոնածառի մասին

big_1356500843_8070828Ասում են, որ այն ժամանակներից, երբ ցամաքեցին Համաշխարհային ջրհեղեղի ջրերը, առաջին ձյունն իջավ Արարատ սարի վրա՝ հայերի նախահայր Հայկի հոր՝ Թորգոմի օրոք: Այդ ձյունատեղումից անցել է ոչ պակաս, քան չորս հազար հինգ հարյուր տարի: Այդ օրերին Արարատի գագաթից սաստիկ սառնամանիք իջավ դաշտավայրի վրա:Դա առաջին անգամն էր, որ ձյունը սարի վրա չհալեց: Եվ գագաթներից իջած ցուրտը հարձակվեց դաշտերի ու այգիների վրա: Թորգոմը որպեսզի ինչ-որ մրգատեսակի ծառ փրկի, արմատահան արեց մի ծիրանի ծառ ու տարավ այն իր տունը: Նույն բանն արեցին դաշտավայրի բնակիչները:Իսկ շուտով պիտի նոր տարի գար: Հեթանոսական ժամանակաշրջանում հայ ժողովուրդը տոնում էր Նոր տարին գարնան սկզբին:Եվ հնչեցին որոտաձայն թմբուկները, ազդարարելով, որ սկսվում են ամանորի տոնակատարությունները: Դաշտավայրի բնակիչները դուրս եկան իրենց տներից փողոցներն ու սկսեցին շնորհավորել միմյանց՝ նոր տարվա առթիվ բերած կարասներից իրար գինի հրամցնել, կենացներ ասել ու ցանկանալ իրար առողջություն, հաջողություն ու եկող Նոր տարում այնպիսի մի խաղողի բերք ստանալ, որ նրանից պատրաստած գինին լինի ավելի համեղ ու բուրավետ: Շուտով նրանք հարբեցին ու սկսեցին պարել: Ինչ-որ մեկը տնից դուրս բերեց ծիրանի ծառը, և նրա շուրջը սկսվեց շուրջպարը:Հաջորդ տարի գարունն այդքան ցուրտ չէր: Բայց մարդիկ, այնուամենայնիվ, իրենց այգիներից ծառեր դուրս բերեցին ու զարդարեցին։ Գալող տարի ծիսակատարությունները ավելի ճոխացան: Եվ այդպես շարունակվեց, ու այդ ավանդույթը փոխանցվեց սերնդից սերունդ: Այդ ժամանակվանից բոլոր հայկական ընտանիքներում Նոր տարին տոնում են տան մեջ զարդարված կանաչ ծառի կամ կանաչ ճյուղի պարտադիր ներկայությամբ: Այդպիսի Ամանորի ծառը սկսվեց կոչվել «տոնածառ» կամ «տոնական ծառ»: Եվ մինչև այսօր էլ Հայաստանում Ամանորի զարդարված եղևնին կոչվում է «տոնածառ»:

Ամանոր

 

SAM_1083
Ամանոր
Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։

Տարվա գաղափարն առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։

Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ։ Դրանով էր պայմանավորված եգիպտացիների կյանքը, երկրագործական աշխատանքները։ Նոր տարին հունվարի 1-ին նշվում է մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի Հուլիոս Կեսար կայսրը բարեփոխել է օրացույցն ու սկզբնավորել Հուլյան տոմարը: Բայց սեփական տոմար ունեցող ժողովուրդներն իրենց Նոր տարին նշել են տարբեր ժամանակներում` հիմնականում գարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործական աշխատանքներն սկսելուն պես և այլն: Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին կամ օգոստոսի 1-ին (պահլավերեն է. նշանակում է նոր տարի՝ նավա՝ նոր, և սարդ՝ տարի), որը համընկնում էր մ. թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ (հունարեն կալենդ բառից է. նշանակում է ամսագլուխ), Ձմեռ պապին` Կաղանդ պապ: Հին հայերը Նավասարդին հավաքվել են Բագրևանդ գավառի Բագավանում (դիցավան). համաժողովրդական խրախճանքին մասնակցել է շուրջ 120 հզ. մարդ, նաև թագավորը: Այդ օրերին զանազան զոհաբերություններ են արել, կազմակերպել տոնախմբություններ ու ձիարշավներ, աղավնի են թռցրել և այլն: Ապաստան են տվել ու կերակրել նաև օտարական անցորդներին:

Ամանորի տոնական սեղանին դրել են նաև ծիսական հաց, որը կոչվել է տարի-հաց, կրկենի, կլոճ և այլն, որևէ նշանով (օրինակ` մետաղադրամ), և բաժանել ընտանիքի անդամներին. ում բաժին է ընկել նշանով հացի կտորը, նրա համար ակնկալվել է բարեհաջող տարի:
Ամանորին նաև տոպրակ են կախել երդիկներից՝ նվեր կամ որևէ քաղցրավենիք ստանալու համար: