Ամանորյա հեքիաթ

Պաուլո Կոելիո

Ամանորյա հեքիաթ

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.

— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:

— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:

— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:

Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:

Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:

Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:

Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:

Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:

Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:

Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:

Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Թարգմանեց Մարգարիտ Սարգսյանը

Առաջադրանք՝

Պատմությունից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

մայրի — Սոճազգիների ընտանիքին պատկանող ծառ, որի ընտիր փայտն օգտագործվում Է ատաղձագործության և շինարարության մեջ, չամ:

ոխերիմ- — Ոխակալությամբ լցված՝ համակված՝ տոգորված: 

մսուր  —  Ախոռներում երկար տաշտաձև տախտակամած, որի մեջ լցնում են անասունների կերը: